ԳլխավորԼուր

Մահացել է Ջիվան Գասպարյանը

Մահացել է դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը:

Նա 92 տարեկան էր:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին։ Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,–Facebook–ի իր էջում հայտնել է նրա թոռը` Ջիվան Գասպարյան-կրտսերը։

Նշենք, որ վերջին շրջանում Ջիվան Գասպարյանը գտնվում էր ԱՄՆ–ում։

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը շուտ է մահացել, իսկ հայրը պատերազմ է մեկնել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասընթացների հաճախելու։

1949 թվականին արդեն Ջիվան Գասպարյանը միանում է Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի ազգային երգ ու պարի համույթին։

1956 թվականին Ջիվան Գասպարյանը ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում։ 1973 թվականին արժանացել է «ՀՀ Ազգային արվեստագետ» պատվավոր կոչմանը։

Մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, մասնակցել է շուրջ 20 հազար համերգների։

Comment here