ԳլխավորԼուր

Աղետի գոտում կամավորական աշխատանքի կարիք կա. ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին

Փրկարարները՝ ջրհեղեղից տուժած բնակավայրում

Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա, ֆեյսբուքյան էջում ուսանողներին է դիմել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ձեզնից շատերը, տարբեր բուհերից, արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»,-նշված է գրառման մեջ։

Կամավորագրվելու համար պետք է ցուցակագրվել բուհերում։

Հիշեցնենք` մայիսի 26-ի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։

Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387-ը՝ Լոռու մարզում, 42-ը՝ Տավուշի մարզում:

Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։