ԳլխավորԼուր

Կյանքին հրաժեշտ է տվել փիլիսոփա Կարեն Սվասյանը

Կարեն Սվասյան

76 տարեկանում կյանքին հրաժեշտ է տվել հայ փիլիսոփա, գրականագետ, մշակույթի պատմաբան և մարդաբան, ռուսախոս եւ գերմանախոս աշխարհի ամենահայտնի ժամանակակից փիլիսոփաներից մեկը՝ դոկտոր Կարեն Սվասյանը, տեղեկացնում է «Օրեր» պարբերականը։

Կարեն Սվասյանը ծնվել էր 1948 թվականի հունվարի 2-ին Թբիլիսիում։ Նա փիլիսոփայություն, ինչպես նաև անգլերեն և ֆրանսիական բանասիրություն է սովորել Երևանի պետական ​​համալսարանում, որտեղ գրել է իր դոկտորական թեզը Անրի Բերգսոնի մասին և դարձել պրոֆեսոր։ Նա ռուսերեն է թարգմանել և խմբագրել Ռայներ Մարիա Ռիլկեի, Ֆրիդրիխ Նիցշեի և Օսվալդ Շպենգլերի ստեղծագործությունները, գրել է բազմաթիվ աշխատություններ փիլիսոփայության, գրականության, գաղափարների պատմության և մարդաբանության վերաբերյալ ռուսերեն և գերմաներեն լեզուներով։ 1994-ին նա պարգևատրվել է գերմանական ամենահեղինակավոր Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակով՝ որպես հետազոտող և դասախոս։ 2009 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի կողմից կազմակերպված աշխատությունների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Կարեն Սվասյանը դասախոսում եւ ապրում էր Շվեյցարիայի Բազել քաղաքում, ուր հաստատվել էր 1992 թվականին։

1997 թվականին հրավիրվել է Ինսբրուքի համալսարան՝ իբրև պրոֆեսոր, ուր փիլիսոփայության և սլավիստիկայի ֆակուլտետում դասավանդել է ճանաչողության տեսություն, սիմվոլի և գեղարվեստական թարգմանության տեսություն։

Դասախոսություններ էր կարդում Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ռուսաստանում։ Գրում էր գերմաներեն և ռուսերեն։ Կ. Սվասյանի յուրաքանչյուր նոր գիրք փիլիսոփայական շրջանակներում ընդունվում էր իբրև երևույթ։