ԳլխավորԼուր

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը. պարզաբանում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը, Մայր Աթոռի անունից  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ պարզաբանելով դեկտեմբերի 31-ի կեսգիշերին մոտ Առաջին ալիքի հեռարձակումից կաթողիկոսի ելույթի բացակայության շուրջ ծավալվող քննարկումները:

«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված  ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։

Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։

Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։

Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել: Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։

Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որ Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։