Փետրվարի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈւ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։
«Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։
Հանդիպմանն Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Օրերս Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանի տվյալներով՝ 42 գնդերեցներից 4-ը միացել են «բարենորոգման» ծրագրին։



