ԳլխավորԼուր

Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները կլուծարվեն

Կապանի մշակույթի կենտրոն

«Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ–ները կլուծարվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության 2025 թ. բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով, այս կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

Նախարարությունն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ իրենց անցկացրած մոնիթորինգի արդյունքներով այս կազմակերպությունների կողմից իրականացված մշակութային ծրագրերի որակը բավարար չի եղել Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքի աշխուժացման և գեղագիտական նոր ճաշակի ու որակի ապահովման համար:

Նախարարությունից նաև նշում են, որ ՊՈԱԿ–ների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, իսկ Կապան համայնքում կա գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։

«Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ–ները ստեղծվել են ՀՀ կառավարության 2002 թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews