ԳլխավորԼուր

«Լաբուբուն» երեխային մղում է ագրեսիայի, դաժանության, վախ և անհանգստություն է առաջացնում

Լաբուբու

«Լաբուբու» տիկնիկ-կախազարդը, որը հայտնի է նաև Հայաստանում, իրականում աքսեսուար է մեծահասակների համար և չի կարող համարվել մանկական խաղալիք: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ընթացքում։

«Դուք անառողջ մտքի այս արտադրանքը համառորեն անվանում եք խաղալիք: Այն իրականում խաղալիք չէ: Բոլոր միջազգային և ազգային փաստաթղթերով սա ոչ այլ ինչ է, քան կոլեկցիոն տիկնիկ-կախազարդ՝ նախատեսված մեծահասակների համար՝ որպես կանացի պայուսակի վրա կրելու աքսեսուար: Քանի որ դա խաղալիք չէ, ուստի իրացվում է շուկաների աքսեսուարների, զարդերի, բանալիների շղթաների բաժիններում: Ունենալով «ապակառուցողական»  խաղալիքի բոլոր նշանները՝ այն խաղալիք չի կոչվում», — նկատեց ակադեմիկոսը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կրթության ակադեմիային կից խաղերի, խաղալիքների, խաղերի և ուսումնական ձեռնարկների գիտափորձագիտական խորհուրդը «Լաբուբուի» փորձաքննություն է անցկացրել՝ գալով եզրակացության, որ երեխաների և դեռահասների կողմից դրա օգտագործումն անցանկալի է:

Հոգեբանական և մանկավարժական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ալեքսանդր Սավենկովի ղեկավարությամբ գիտական և փորձագիտական խորհրդի եզրակացության համաձայն, «խաղային օբյեկտը» ունի ակնհայտ նշաններ, որոնք երեխային մղում են ագրեսիայի, դաժանության, վախ և անհանգստություն են առաջացնում նրա մեջ. առարկան ունի վախեցնող ձևավորում, արտաքին տեսքը սադրում է երեխաներին՝ խաղերում դաժան սյուժեներ զարգացնել: Նման կերպարները կարող են կործանարար ազդեցություն ունենալ երեխաների վարքի վրա, եզրափակել է գիտափորձագիտական խորհուրդը:

Օնիշչենկոյի կարծիքով՝ «Լաբուբուն» պետք է ունենա առնվազն 14+ մակնշում։

«Չնայած ես ավելի հեռուն կգնայի և կհանեի այն ընդհանրապես կանանց, իսկ ապա և՝ մեր բոլոր երեխաների մտքերից: Քանի որ, իրոք, դա ծաղր է մարդկային բնության նկատմամբ, որը ոչ մի օգտակար բան չտալով՝ առաջ է մղվում շուկայի կողմից, և այսօր, ըստ իս, առանց այս հրեշի անգամ մարդամեջ դուրս գալ չի կարելի», — ամփոփեց Օնիշչենկոն:

«Լաբուբուն» հորինել է հոնկոնգցի նկարիչ Քասինգ Լունգը The Monsters կոմիքսի համար։ Հետագայում ֆիգուրները կամ կախազարդերը, որոնք վաճառվում են նույնանման փակ տուփերում, որտեղ բովանդակությունը և  դիզայնը տեսանելի չեն, լայն տարածում են գտել հանրության շրջանում։ Լունգը պայմանագիր է կնքել չինական Pop Mart ընկերության հետ, որը աշխատում է «անակնկալ-արկղիկի» սկզբունքով: Հավաքածուից ցանկալի «Լաբուբու» ձեռք բերելու համար հաճախորդները ստիպված են ժամանակ և գումար ծախսել փակ տուփերի վրա, ինչը ուղղակիորեն ազդում է վաճառքի քանակի վրա:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews