ԳլխավորԼուր

Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, ողջ երկրում բացվել են մոտ 7 հազար ընտրատեղամասերը։

Ընտրացուցակներում ընդգրկվել է 21 տարեկանից բարձր 3,7 մլն քաղաքացի։ Խորհրդարանի 128 տեղի համար կպայքարեն 718 թեկնածուներ, այդ թվում՝ 118 կանայք։

Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչը թույլ կտա բոլոր խոշոր կրոնական համայնքների ներկայացուցիչներին մտնել օրենսդիր մարմին։ Լիբանանի դավանաբանական կառույցի համաձայն՝ վարչապետի պաշտոնը պատկանում է սուննի մահմեդականներին, խորհրդարանի խոսնակը զբաղեցնում են շիա մահմեդականները, իսկ հանրապետության նախագահն ընտրվում է մարոնի համայնքից, որին պատկանում է տեղի քրիստոնյաների մեծ մասը։

Երկրում տնտեսական ճգնաժամն է, որը սրվել է 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո: Վերլուծաբանները նշում են, որ հասարակական վրդովմունքը կարող է խորհրդարան բերել մի քանի թեկնածուների, որոնք հակված են բարեփոխումներ անելու:

Նշենք, որ լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամերից հետո այդ թիվը կրճատվել է հասնելով շուրջ 140-150 հազարի: Հաճախ ասում են, որ Լիբանանում հայ համայնքն ավելի մեծ է, սակայն նման տվյալները հիմնված չեն մարդահամարների վրա: