ԳլխավորԼուր

Լոռու մարզից 2023 թ. բուհ են ընդունվել 795 դիմորդներ

Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից առաջ

«Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից ստացված ամփոփ տվյալների համաձայն՝ Լոռու մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել 1035 դիմորդ: Հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 795 դիմորդ, որոնցից 173-ը (21.8 %)՝ անվճար հայտով:

Այս մասին Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«Շատ լավ ցուցանիշներ են, շնորհակալություն նման արդյունք ապահովելու համար»,- դպրոցի ղեկավարներին ուղղված իր խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Մարզի դիմորդներն ամենաշատն ընդունվել են հետևյալ բուհերը՝ ՎՊՀ (287), ԵՊՀ (115), Երևանի բժշկական համալսարան (64) և Երևանի տնտեսագիտական համալսարան (58): Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել «Կառավարում», «Բուժական գործ», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունները: Լոռու մարզից 10 դիմորդ ընդունվել է տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններով ուսանելու համար, նրանցից 3-ը «Քիմիա», 3-ը՝ «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտացումներով: