ԳլխավորԼուր

Բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը կավելանա 100-ով

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԿԳՄՍՆ  փոխնախարար Կարեն Թռչունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախատեսվում է 100-ական տեղերով ավելացնել 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը: Ավելացած տեղերը կհատկացվեն բնագիտատեխնիկական  ոլորտի մասնագիտություններին:

«Կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն  մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Ինչպես նաև դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ ընդունելության առնվազն 2 քննություններ հանձնելով և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում կրթության որակի բարձրացմանը»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, կազմակերպվել և իրականացվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման  մրցույթը, որի արդյունքում, ըստ ոլորտների որոշվել են 2021 թվականի մրցանակակիրները: Մրցանակային ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ, որը կբաշխվի 34 մրցանակակիրների միջև:

Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ հետբուհական կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ հաստատվել է «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրա, բարեփոխումների հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հրամանը, որի նպատակն է կանոնակարգել հետբուհական կրթության համադրելիությունը Բոլոնիայի պահանջներին և Զալցբուրգյան սկզբունքներին, ինչպես նաև ապահովել ասպիրանտական կրթական ծրագրերի համապատասխանեցումը համաեվրոպական չափանիշներին։