ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Մանկական Եվրատեսիլ — 2022» երգի խորհրդանիշ է ընտրվել հոլը

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ — 2022» երգի մրցույթին։ Այդ երկրներն են․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ — 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։