ԳլխավորԼուր

Շրջայց՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նա ծանոթացել է բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին, ինչպես նաև զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Այցի շրջանակում քննարկվել են բուհի ընթացիկ և հեռանկարային զարգացման ծրագրերը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ փոխնախարարը նախ եղել է համալսարանի եռաչափ թանգարանում, որտեղ Կարեն Թռչունյանը ծանոթացել է բուհի ստեղծման պատմության ժամանակագրությանը` հիմնադրումից մինչև մեր օրերը, Հայրենական և Արցախյան պատերազմներում համալսարանի մասնակցությանը, բուհում դասավանդած և մանկավարժության զարգացման գործում իրենց ավանդն ունեցած մասնագետներին: Ռեկտորը նշել է, որ ամեն տարի Մանկավարժական համալսարանի թանգարանը հյուրընկալում է հազարավոր այցելուների, այդ թվում՝ դպրոցականների, որը նպաստում է նրանց մասնագիտական կողմնորոշմանը:

Փոխնախարարը ծանոթացել է նաև բուհի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի և «Ռադիո Ֆամա»-ի գործունեությանը: Նշվել է, որ 106-ից ավելի երկրներում սփռում ունեցող համալսարանի ռադիոն անդրադառնում է համալսարանական խնդիրներին և երիտասարդներին հուզող հարցերին, կրթական, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին, ինչպես նաև ապագա դիմորդներին են ներկայացվում բուհում ուսուցանվող մասնագիտությունները և հաջողության պատմությունները: Ի դեպ, բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են:

Innostud.am կրթական հարթակ, 1 մուլտիմեդիոն լաբորատորիա, 2 հետազոտական լսարան՝ հագեցած տեխնիկական միջոցներով ու տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը բուհում ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակում՝ «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցներով: Փոխնախարարին ներկայացվել են ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթակառուցվածքները՝ համալրված համապատասխան գույքով և մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Լաբորատորիայում նախարարի տեղակալը զրուցել է ուսանողների հետ և հետաքրքրվել նրանց ուսումնառության արդյունքներով:

Կարեն Թռչունյանի այցի վերջին կանգառը համալսարանում գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտն էր, որն իրականացնում է շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրների հետազոտություններ: Փոխնախարարին հետաքրքրել են իրականացված հետազոտությունների արդյունքները, որին ի պատասխան՝ նշվել է, որ դպրոցական ծրագրում «Շախմատ» առարկայի ներդրումից հետո տեղի են ունեցել դրական փոփոխություններ՝ աշակերտների ուշադրության կենտրոնացման և քննադատական մտածողության զարգացման տեսանկյունից:

Նմանատիպ այցերը մյուս բուհեր ևս կրելու են շարունակական բնույթ:

Comment here