ԳլխավորԼուր

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութի պայթյունից զոհվածների համար

Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար:

Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանը և լիբանանահայեր:

Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների հանգստության համար:

Հոգեհանգստյան կարգից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր վշտակցության խոսքն ուղղեց ներկաներին:

Comment here