ԳլխավորՀայաստանս

Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը

«Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։

Հիմնվելով «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների անցկացման բազմամյա դրական փորձի վրա` «Այբ» հիմնադրամը ստեղծել և 2014 թվականից Հայաստանում և Արցախում անցկացնում է «Մեղու» հայերենի մրցույթը։ 6 տարիների ընթացքում «Մեղուն» ունեցել է 232.000-ից ավելի մասնակից՝ ամբողջ Հայաստանի և Արցախի 1001 դպրոցներից։

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո սփյուռքում լավագույն արդյունքներ արձանագրած երեխաների համար «Այբ» կրթական հիմնադրամը մտադիր է կազմակերպել ճանաչողական այց Հայաստան։

Վրաստանի, Իրանի և ԱՄՆ-ի մեր հայրենակից դպրոցականների համար արդեն ավարտվել է մրցույթի գրանցումը, իսկ Մոսկվայի 3-12-րդ դասարանների մեր երեխաները կարող են գրանցվել մինչև նոյեմբերի 20-ը՝ գրելով meghu@ayb.am էլ. հասցեին։

Comment here