Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող և Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին։
«Մեր ժամանակների հերոսը» մրացանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել կավագործ, «Սաղմոս կերամիկա» ապրանքանիշի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մանուկյանը, փայտե խաղալիքներ արտադրող «Հատիկ» ապրանքանիշի հիմնադիր Վարդանուշ Գրիգորյանը, մանրանկարիչ-կրկնօրինակող, «Հայկական մանրանկարչության ստուդիա»-ի հիմնադիր Աննա Մարգարյանը, «Համբարձումյան» պարի դպրոցի հիմնադիր Ավագ Համբարձումյանը, «Գիտակ ռոբոտիկս» ծրագրավորման և ռոբոտաշինության ստուդիայի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանը, հայկական ավանդական հարսանիք կազմակերպող «Թոնիր հարսանեկան գյուղ»-ի հիմնադիրներ Հայկ Երանոսյանը և Սիրարփի Խոջաբաղյանը, «Հնձան պանդոկ»-ի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Միքայելյանը, հագուստի դիզայներ, «Շամշիկ» ապրանքանիշի հիմնադիր Աննա Ավետիսյանը, քանդակագործ, «Բեն Արտ» կենտրոնի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանը, «Զինվորաց իշխանաց» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Սիրվարդ Բերբերյանը, միկրոկանաչիների արտադրության հիմնադիր Իննա Ամիրխանյանը, ձեռագործ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վաղրամյանը:
Գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ այն շնորհվել է մաթեմատիկայի ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, Գորիսում հեղինակային դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանին։