Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջն ամբողջությամբ կհրաժարվի ուղևորության վճարման համար նախատեսված ժետոններից։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Նշենք, որ դա պայմանավորված է տրանսպորտի վճարման միասնական համակարգի անցնելու հանգամանքով։ Արդեն մի քանի ամիս է, որ յուրաքանչյուր կայարանում 1 անցակետով էր հնարավոր ժետոնով անցնել, մնացածը գործում են էլեկտրոնային համակարգի միջոցով։
«Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, ամբողջությամբ կանցնենք վճարման միասնական համակարգին»,– նշեց Սեդրակյանը։
Այս շաբաթ մետրոյից օգտվել է 582 622 ուղևոր։ Միասնական վճարային համակարգով անցել է նրանցից 341 հազար 589–ը։