ԳլխավորԼուր

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

Մանկապարտեզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը, հայտնում են նախարարությունից:

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 500 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», Քաղաքացիական, Աշխատանքային, Վարչական իրավախախտումների օրենսգրքերի, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրության, ֆինանսավորման, մանկավարժական աշխատողների ընտրության, սաների ընդունելության կարգերի և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտերի մասին:

Հարցաշարում առկա են նաև նախադպրոցական կրթության մեթոդական տարբեր ցուցումների, սանիտարական նորմերի, երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջների և այլնի վերաբերյալ հարցեր:

Ըստ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, նշանակվելու կամ ընտրվելու համար՝ անկախ հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից: