ԳլխավորԼուր

Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում․ կան տուժածներ

Մարտի 11-ին, ժամը 09:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը գազաբալոններից (3 կգ, 10 կգ և 20 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք, կուտակում և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է պատը (մոտ 2 քմ) և վնասվել մեկ դուռ։

Բնակիչներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) և Վ․ Ե․ (ծնված 1969 թ․) ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ․ դեպքի վայրում բժիշկները Կ․ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա․ Ե․-ինը՝ միջին ծանրության, իսկ Վ․ Ե․-ինը՝ բավարար։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։