Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է հայ աղջկան, ով մասնակցում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայ համայնքի ցույցին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նիդերլանդական օրագիր»-ից։
«Հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Տավուշ-Թովուզ հատվածում ներթափանցման փորձ կատարելով ու խախտելով հայտարարված զինադադարը, ադրբեջանցիները բազմաթիվ կորուստներ տալով ետ շպրտվեցին: Ցավոք չհաջողվեց խուսափել զոհերից: Հենց այս ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի պատճառով է, որ բողոքի ձայնն են բարձրացրել բազմասփյուռ հայերը` այդ թվում Նիդերլանդներում: Նրանք նախատեսել են երկու բողոքի ակցիա: Դրանցից առաջինը տեղի ունեցավ երեկ` Դեն Հաագի Ադրբեջանի դեսպանության դիմաց: Երկրորդը տեղի է ունենում այսօր` մայրաքաղաք Ամստերդամի սրտում` Դամ հրապարակում և ավելի շատ ունի տեղի բնակչությանը իրականության մասին իրազեկելու խնդիր:
Հիմա անրադառնանք առաջին հանրահավաքին, որն հայտնի է փոքր միջադեպով:
Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք ծանուցել էր հանրահավաքի ծրագրին, տեղեկացրել տեղի ունեցող գործողությունների մասին ու իր ներկայացուցիչներից մեկին էլ` ծագող հարցերի կարգավորման համար ուղարկել նրանց մոտ:
Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-նիդերլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու հայերի բողոքի ձայնը: Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող, «Ղարաբաղը Ադրբեջանին է» և նմանաբովանդակ հրահրող պաստառներ, համարյա յուրաքանչյուրին բաժին հասած երկար ձողերով դրոշներ: Դավադրության մյուս բաղադրամասը` աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում` այլ խոսքով դեսպանության տարածքում պահելն էր, որի նպատակը հետո բացահայտվեց: Ինչու՞ էր անհրաժեշտ աջակից ազերիներին վանդակի մեջ պահել, երբ տեղի ոստիկանական ուժերը կարող էին կողմերի անվտանգության ապահովման համար բավարար պայմաններ ապահովել:
Ադրբեջանական նենգ ծուղակը բացահայտվեց, երբ ադրբեջանական դեսպանատան տարածքից նետված քարերից մեկը վիրավորեց ցույցի ակցիային մասնակից հայ աղջկան: Այդ մասին առկա է բժշկական արձանագրություն»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։