ԳլխավորԼուր

Հայտնի են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները

Հայտնի են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել է Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների շուրջ 500 շնորհալի երեխա:

1-ին փուլը հաղթահարած 160 մասնակիցներին կազմակերպիչները տրամադրել են անհրաժեշտ բոլոր նկարչական նյութերը:

Մրցույթ-ցուցահանդեսի 1-ին մրցանակին արժանացել է Մարիա Հովհաննիսյանը (8 տարեկան, Վաղարշապատի համայնքապետարանի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սան, մանկավարժ՝ Մարիամ Պապոյան), 2-րդ մրցանակին՝ Հասմիկ Նալբանդյանը (9 տարեկան, «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Ռիտա Սարգսյան), 3-րդ մրցանակին՝ Սարգիս Հովհաննիսյանը (9 տարեկան, «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Ալինա Ստեփանյան)։

Հաղթող մասնակիցների ուսումնական հաստատությունները և մանկավարժները նույնպես արժանացել են մրցանակների և դիպլոմների «Լավագույն մանկավարժ», «Լավագույն ուսումնական հաստատություն» անվանակարգերում։

Սահմանվել էին նաև հատուկ մրցանակներ մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցների համար. հատուկ մրցանակների և դիպլոմների են արժանացել Էմիլի Խաչատրյանը (9 տարեկան, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Էմմա Գալստյան), Սյուզաննա Պողոսյանը (9 տարեկան, Մասիս քաղաքի «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Լուսյա Դելի-Սարգսյան)։

Ժյուրիի համակրանքի մրցանակների և դիպլոմների են արժանացել Արիանա Հարությունյանը (9 տարեկան, Մասիս քաղաքի «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Լուսյա Դելի-Սարգսյան), Մարի Պապայանը (11 տարեկան, Երևանի Զաքարյան արվեստի կենտրոնի սան, մանկավարժ՝ Վարդան Զաքարյան), Արինա Մկրտչյանը (8 տարեկան, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի սան, մանկավարժ՝ Լիլիթ Ղազարյան)։

Մրցույթ-ցուցահանդեսի հանձնաժողովի անդամներն էին ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Մատուլյանը, նկարիչ Լիլիթ Սողոմոնյանը, քանդակագործ, գեղանկարիչ Արման Համբարձումյանը, մանկական միջոցառումների կազմակերպիչ, «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի անդամ Նանա Մարտիրոսյանը:

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը: Այն իրականացվել է առաջին անգամ և կշարունակվի հաջորդ տարիներին: