ԳլխավորԼուր

Լուսինե Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Խանտի Մանսիյսկում

Լուսինե Կարապետյան

Խանտի Մանսիյսկում ընթացող «Մենք միասին ենք. սպորտ» միջազգային պարալիմպիկ խաղերի սնոուբորդի մրցումներում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Լուսինե Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։

«Մեր սնոուբորդիստ Լուսինե Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել»,– գրված է կոմիտեի Facebook–յան էջում։

Լուսինե Կարապետյանը լրագրողներին պատմել է, որ Խանտի Մանսիյսկի խաղերն իր կարիերայի ամենալուրջ մրցումներից են եղել, հիմա վայելում է հաղթանակի բերկրանքը։

«Այստեղ վազքուղին բավականին բարդ է, մենք նման ճանապարհներով դեռ այդքան էլ շատ չենք սահել, — ասել է նա։ — Սա ինձ համար ամենալուրջ մրցումներից մեկն էր, և ես միանգամից մեդալ նվաճեցի։ Ես հիմա լի եմ վառ հույզերով»։

Նշենք, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC), առաջնորդվելով Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկություններով, դադարեցրել էր ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը 2022 թվականին Պեկինում կայացած պարալիմպիկ խաղերին։

Մարտի 18-ից մարտի 21-ը Խանտի Մանսիյսկում կազմակերպվել են «Մենք միասին ենք. սպորտ» համառուսաստանյան բաց սպորտային խաղերը։ Անցկացվում են դահուկավազքի, բիաթլոնի, սնոուբորդի, լեռնադահուկային սպորտի, անվասայլակով քյորլինգի և սահնակով հոկեյի մրցումներ, ինչպես նախատեսված էր Պեկինի պարալիմպիկ խաղերի ծրագրով:

Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղազախստանի պարալիմպիկ հավաքականները: