Լուր

ՀՊՏՀ դասախոսն ու ուսանողը ոսկե մեդալներով են վերադարձել Թբիլիսիից

Էրիկ Խաչատրյանը

Մարտի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) միջազգային մրցաշարից ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանն ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էրիկ Խաչատրյանը վերադարձել են ոսկե մեդալներով, հայտնում են բուհի լրատվականից։

Մրցաշարին, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի հավաքականները, +140 կգ քաշային կարգում «Պոկում» վարժությունից (արդյունքը 210 կգ) Հայաստանի հավաքականի անդամ Արման Գուլյանը դարձել է մրցաշարի բացարձակ հաղթող։ Չեմպիոնի կոչման է արժանացել նաև 20-ամյա Էրիկ Խաչատրյանը (67,5 կգ)։ Հայ մարզիկները Վրաստան էին մեկնել Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:

Նշենք, որ Էրիկ Խաչատրյանը, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է, Դյուցազնագրքի և Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, հնարավորություն է ստացել մասնակցելու աշնանը ԱՄՆ-ում կայանալիք պաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը։

Արման Գուլյան