ԳլխավորԼուր

Պայթյուն Երևանում. Ռայնիսի փողոցի թիվ 3 շենքը մասնակի փլուզվել է (լրացված)

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

ԱԻՆ-ից տեղեկացնում են նաեւ, որ դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

***

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածի (արական սեռի, մոտ 50 տարեկան) առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր է:

Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

***

Ժ.13.31-Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։

Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962թ․) դին։

Comment here