ԳլխավորԼուր

Սպիտակավորում նշվեց Դավիթբեկյան ուխտերի ստեղծման օրը

«Հանուն Հայրենիքի՝ Դավիթ Բեկաբար» ահա այս վանկարկությամբ, ազգային երգ ու պարի ծեսով այսօր Վայոցձորի Սպիտակավորում նժդեհասեր երիտասարդներն ու պատանիները շարունակեցին երեկ մեկնարկած միջոցառումը, տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։

Երեկ Կապանում՝ Խուստուփում, Գարեգին Նժդեհի հիշատակի կրակ է վառվել, որը ջահերով բերվել հասցվել է Վայոց ձոր՝ Սպիտակավոր վանք, ուր ամփոփված է Մեծն հայի աճյունը:

Դավիթբեկյան ուխտերը ծնունդ առան 1920թ. օգոստոսի 25-ին, երբ Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը»: Ուխտերի նշանաբանն էր՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»:

Այսօր Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցում տեղի ունեցող «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկար» խորագիրը կրող միջոցառումը նախաձեռնել էր «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը, ով Արտաշ Սահրադյանի և մի շարք այլ նվիրյալների հետ Սպիտակավորի հարակից տարածքի համալիր մշակում և մաքրում նախագիծն էին իրականացրել` Գլաձոր համայնքի համայնքապետի, համայնքի բնակիչների, Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ու ջանքերով:

Միջոցառման սկզբում Նժդեհի կյանքի և գործի մասին խոսեց հասարակական գործիչ, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը՝ ներկայացնելով երեկ երեկոյան մեկնարկած իրենց նախաձեռնությունը: Միջոցառման ներկաներին շնորհակալություն հայտնեց Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանը, խոսքը փոխանցելով ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետին:

Նանե Ասատրյանը ողջունեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից և իր խոսքը հղեց ներկաներին, որպես հայ կին և մայր, ով կարևորում է արմատները ճանաչելու, բայց ապագային նայելու, հզոր ու ամուր հայրենիք ունենալու նախնիների մեր երազանքը իրականություն դարձնելը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև միջոցառմանը մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` նշելով .

«Համոզված եմ, որ արդեն ավանդական դարձող այս միջոցառումը ևս մեկ հնարավորություն է՝ մեր հայրենակիցների կողքին նաև բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայացնել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը , հերոսական անցյալն ու ներկա նվաճումները, ինչպես նաև սպասվելիք վառ ապագան»:

Միջոցառմանը Հայաստանի Հանրապետության դրոշներով մասնակցում էին նաև «Հայ Ասպետ» կազմակերպության սաները, Վայոց ձորի պատանի արշավականներ, ովքեր ոտքով առավոտյան հասել էին Սպիտակավոր և իրենց ճանապարհը շարունակելու էին մինչ Պրոշաբերդ:

Գարեգին Նժդեհի խոսքերը հնչեցնելուց բացի, մասնակիցները մեր հայրենիքը շենացնելու և այս միջոցառումը ամենամյա դարձնելու պլաններ ունեն:

Ինչպես ասում է Գարեգին Նժդեհը.

«Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա Հայրենիք է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը»:

 

Comment here