Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանանալուց հետո իրեն պարտավորված է զգում շարունակելու այն գործը, որը կիսատ է թողել: Այս մասին Սանամյանը հայտնել է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հետ զրույցում:
«Դրդում է լինել ավելի մարտունակ քո զորքի, քո ջոկատի, խմբի տղաների ու քո ժողովրդի հետ միասին: Դրդում է պարտավորված մեծ ոգով ու պատվով շարունակել այն, ինչը կիսատ ես թողել»,- նշել է Սանամյանը:
Կապիտանի խոսքով՝ ռազմական գործողություններին մասնակցելիս իր մտքով չի անցել, թե հետագայում ինչ պարգևի կարժանանա:
«Չի անցել իմ մտքով նման բան, որովհետև, եթե ես որևէ բան պետք է անեմ, ես դա անում եմ պատվով, ի սրտե ու հետո չեմ մտածում՝ ինձ հետագայում մեդալ կնվիրե՞ն կամ ի՞նչ պարգևի կարժանանամ»,- ասել է Ազգային հերոսը:
Սանամյանի խոսքով՝ իրեն իր սխրագործությունների դրդել է իր հայրենասիրությունը, իր զորքի նվիրված լինելը:
«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունն իմ մեջ դեռ վերացած չէ, չի էլ վերանա»,- նշել է կապիտան Ռուբեն Սանամյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։