ԳլխավորԼուր

Կազմակերպվում են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում գործող «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում կազմակերպվում են ՀՀ ավագ և հիմնական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այս փուլում կարող են մասնակցել կրթական 3-րդ աստիճանում դասավանդող ուսուցիչները:

Դասընթացները հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ անցկացվելու են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսների կողմից: Մեկնարկը կտրվի մարտի 1-ին։

Դասընթացի ընդհանուր տևողությունը երեք շաբաթ է՝ 78 ժամաքանակով, որում նախատեսված է շաբաթական 20-ական ժամ գործնական և 18 ժամ ինքնուրույն աշխատանք: Վերապատրաստման ծրագիրը ներառում է լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն:

Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսուցիչներին կտրվի վկայական՝ կնքված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից:

Ուսուցիչների վերապատրաստման ծախսերը հոգում է «Դոմ Մոսկվի» կենտրոնը:Դասընթացներին գրանցվելու համար մասնակիցները 9595.lilitnersisyan@gmail.com էլ. փոստին կարող են ուղարկել գրավոր դիմում՝ նշելով դպրոցը, մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:

Դիմումները պետք է ներկայացնել մինչև սույն թվականի փետրվարի 26-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար մասնակիցները կարող են զանգահարել բուհի աշխատակից Լիլիթ Ներսիսյանին (հեռ.՝ 098-01-04-88060-83-01-22, ներքին՝ 2-80):

Comment here