ԳլխավորԼուր

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է աշակերտների՝ դիմակներ կրելու հարցին

Դիմակների կրման պահանջի արգելքը նշվում է մինչև 5 տարեկան երեխաների համար, այսինքն առողջապահական ընդհանուր ցուցում, որ երեխաներին 6 տարեկանից սկսած չի կարելի դիմակ կրել՝ չկա:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տարրական դասարանի աշակերտների դիմակ կրելու հարցին։

«Մենք, ընդհանուր առմամբ, նախատեսում ենք, որ այն երեխաների համար, որոնք կունենան որոշակի առողջական խնդիրներ, կրթությունը կկազմակերպվի հեռավար։

Ինչ վերաբերվում է դիմակների կրման ընդհանուր կանոնին՝ ես արդեն մի քանի անգամ նշեցի, որ քննարկում ենք»:

Անդրեասյանը նաև ասաց, որ եթե դպրոցներում կորոնավիրուսի դեպքերը լինեն 10 տոկոս կամ ավելին, այդ դպրոցները որոշ ժամանակով կփակվեն։

Յուրաքանչյուր դպրոցում նշանակվելու է COVID-19-ի հսկողության պատասխանատու՝ ի պաշտոնե դպրոցի տնօրենը, որը պատասխանատու է լինելու կորոնավիրուսի տարածմումը կանխարգելող կանոնները պահպանելու համար։

Մինչև քսան աշակերտ ունեցող դասարաններով դպրոցներում առաջարկվել է ուսումնական գործընթացն իրականացնել՝ ուղղակի պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Այն դպրոցներում, որտեղ ամեն դասարանում կա ավելի քան 20 աշակերտ, դասարանը կկիսվի խմբերի։ Երեխաները դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ յուրաքանչյուր խումբը 3 օր։

Հիշեցնենք, որ պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:

Comment here