ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել Հայաստանի տարածքում

Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված՝ ««Ինչ ուզում՝ անում են». ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում» վերնագրով տեսանյութի կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը հայտնում է.

Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։

Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ։

Այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։ Քանի որ այդ տարածքները և ադրբեջանցի զինվորականների կողմից այնտեղ իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը և արտացոլված է ՄԻՊ զեկույցում։

Հավելենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները 1-3 կմ ներխուժել են ՀՀ տարածք հանրապետության Սյունիքի մարզում (մասնավոարապես՝ Սեւ ջուր լճի մոտ) եւ Գեղարքունիքի մարզում (մասնավորաեպս՝ Վերին Շորժա գյուղ մոտ)։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 27-ին, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՌԴ միջնորդությամբ բանակցություններ են ընթանում՝ ադրբեջանցներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

Comment here