ԳլխավորԼուր

Ձերբակալվել են «Սասնա ծռեր» խմբի անդամները

Ձերբակալվել են Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն ու «Սասնա ծռեր» ապստամբական խմբի այլ հայտնի անդամներ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺԲ-ի անդամ Հայկ Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով` ձերբակալություններն իրականացվել են առավոտյան ժամը 6-ից։

Բերման է ենթարկվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը, հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Սասնա ծռեր» զինված խմբի մի քանի անդամների փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ ավելի ուշ  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «…Սա նշանակում է, որ «Սասնա ծռերի» նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, և տղաներին վերադարձնում են բանտ»։

Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավեց ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա, իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվեցին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։

2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։

Դատավճռի հրապարակումից հետո խմբի անդամների մեծ մասին նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր։ Դատական վճիռների բողոքարկման` ավելի քան 1 տարի տևած ժամանակահատվածը խմբի անդամներն անցկացրել են ազատության մեջ։

Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները։ Իսկ վճռաբեկ դատարանը մերժել էր գործը վարույթ ընդունել։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկանքի համաձայն` «Սասնա ծռերի» 41–հատորանոց գործը մայիսի 27-ին, հանձնվել է արխիվ։