Ագրարային համալսարանի դասախոս, միայնակ մայր Էմմա Սարգսյանն ազատ է արձակվել։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Իմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել երեկ չէ առաջին օրը և երեկ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում ինձ՝ ծանոթ, թե անծանոթ: Առանձնահատուկ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք պատրաստակամություն հայտնեցին դստերս աջակցելու և իր կողքին լինելու համար: 2 օր չունեի կապի ոչ մի միջոց, իսկ այսօր առավոտյան, երբ ես արդեն տանն էի, իսկապես հուզվեցի` կարդալով ձեր գրառումները, նամակներն ու մեկնաբանությունները։
Դժվարին պահերին ես հասկանում, թե որքան կարևոր է աջակցություն և զորակցություն ունենալը: Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է ՝ հուսամ վերջինը իմ և Մեր Հայրենիքում: Ես տանն եմ , ինձ հետ ամեն բան կարգին է»,– մասնավորապես նշված է գրառման մեջ։
Էմմա Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ուսանողներին ընդդիմադիրների բողոքի ակցիաներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Նա 13-ամյա անչափահաս դուստր ունի, և քանի որ նրա մերձավոր ազգականները երկրում չեն, Էմմա Սարգսյանը երեխային թողել էր հեռու բարեկամների մոտ։
Նշենք, որ քրեական գործի համար առիթ է հանդիսացել մայիսի 9-ին լրատվամիջոցներից մեկի հրապարակած ձայնագրությունը։ Դրանում նշվում է, թե Ագրարային համալսարանի դասախոսն ուսխորհրդի նախագահին կոչ է անում ուսանողներին ներգրավել բողոքի ակցիաներում՝ յուրաքանչյուր ուսանողի համար հազար դրամ առաջարկելով։
Քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նաև հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը: