Ավելի լուրջԳլխավորԽոսք

Շարժասանդուղքի վրա

Ժամանակն այսպես թե այնպես սահում է՝ կանգնած ենք մենք, թե ընդառաջ ենք գնում ինչ-որ բանի։ Ճիշտ՝ վեր բարձրացող շարժասանդուղքի պես։ Մեկի համար՝ չափած-ձեւած, պարզ, հասկանալի, առանց տհաճ ու հաճելի անակնկալների, գուցե եւ մի քիչ ձանձրալի։ Մեկի համար՝ պայքարով լի, որ տարբեր կողմերից փչող հոսանքների պատճառով չհայտնվի հանկարծ հակառակ գնացող սանդուղքների վրա, որտեղ ինչքան էլ փորձի վեր մագլցել՝ լավագույն դեպքում մնալու է նույն տեղում՝ մինչեւ… մինչեւ ուժերը սպառվեն ու ետ գնա՝ ելման դիրք, ու ամեն ինչ սկսի առաջին աստիճանից։

Անհամբերներ էլ կան՝ բնավորությամբ են այդպիսին կամ ջահել են դեռ… Ու շտապում են բարձրանալ՝ տեսնելու համար՝ ինչ է շարժասանդուղքով պարփակված ճանապարհի վերջում։ Կան եւ այնպիսինները, որ ուզում են մնալ իրենց կյանքի այս կամ այն աստիճանին՝ որը՝ հաճելի հիշողությունների, որը՝ սիրելի մարդու ներկայությունից չզրկվելու, որը՝ պարզապես ընթացքը որոշ չափով երկարացնելու, ժամանակ շահելու, մի քանի վայրկյան ավելի ապրելու համար։

Տարբեր են շարժասանդուղքի ուղեւորները թե տարիքով ու մտածողությամբ, թե սոցիալական կամ այս դեպքում՝ աստիճանային դիրքով, թե լավ ու վատի մասին ունեցած պատկերացումներով։ Ընդհանուր է բոլորի համար միայն շարժումը, անկասելի շարժումը, քանի դեռ… Լավ, տխուր չսկսենք տարին :-)։ Տարի՞ ասացի։ Պետք է ասեի՝ ընթացքը՝ հաջորդ շարժասանդուղքով, որը սկսվում է՝ հենց հասնում ենք նախորդի վերջին։

Ուշադրություն, շարժվեցի՜նք…

Փորձենք, սակայն, մեր հրմշտոցի մեջ, թե խաղաղ ընթացքում չտրորել մեր ընթացակիցներին ու չցավեցնել. չէ որ մեկ ենք բոլորս՝ անկախ այն բանից, թե որ աստիճանի վրա ենք այս պահին։

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here