Այսօր կայացան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի 2-րդ պարտիաները, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 2-րդ պարտիայում առավելության հասավ Իրինա Բուլմագայի նկատմամբ և նվաճեց 3-րդ շրջանի ուղեգիր, որտեղ նրա մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադվոկասովան:
Տղամարդկանց մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆայի հետ և նվաճեց 3-րդ շրջանի ուղեգիր (երկրորդ շրջանի առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր հակառակորդին-խմբ.): Մարտիրոսյանի մրցակիցը կլինի Գրիգոր Սևակ Մխիթարյան — Շահրիյար Մամեդյարով զույգի հաղթողը: Այս զույգի երկու դասական պարտիաներն ավարտվել են հաշտությամբ և նրանց հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում:
Թայ-բրեյք կխաղա նաև Շանթ Սարգսյանը: Նրա երկու պարտիաները Նիջատ Աբասովի հետ ավարտվել են ոչ-ոքիով:
Պայքարը լքում են Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը: Սարգսյանը 2-րդ պարտիայում ևս պարտվեց, իսկ Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց:
3-րդ շրջանի ուղեգիր է նվաճել նաև Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը ուղեգրի համար կպայքարեն թայ-բրեյքում:
Պայքարը լքել է նաև կանանց մրցաշարում հանդես եկող ԱՄն ներկայացնող Տաթև Աբրահամյանը:
Հավելենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը՝ առողջական խնդիրների պատճառով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։