ԳլխավորԼուր

«Տարվա լավագույններ 2022». հայտնի են հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնել «Տարվա լավագույններ 2022» մրցույթում հաղթող ճանաչված ուսուցիչներին:

«Տարվա լավագույններ 2022» մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 185 հայտ. հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որոնցում ընդգրկված է 33 մանկավարժ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ուսուցիչներին և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթությանն ու ուշադրություն դարձնում դրա բովանդակությանը:

««Տարվա լավագույններ» մրցույթը ոլորտում ձևավորված լավագույն ավանդույթներից է: Այս գործընթացում ամենակարևորը մանկավարժական միտքը խրախուսելու, ստեղծարար աշխատանքը և նորարարությունն արժևորելու գաղափարն է: Ես ուզում եմ առիթն օգտագործել և կոչ անել բոլոր մանկավարժներին՝ լինել ավելի ակտիվ և նախաձեռնող, ավելի արհեստավարժ, և պետության գնահատականը, վստահ եղեք, կլինի: Մենք գտնվում ենք զարգացման և բարեփոխումների ակտիվ փուլում: Ես ուզում եմ դիմել ձեզ խնդրանքով և կոչով՝ սիրելի՛ ուսուցիչներ, ձեր ցանկացած առաջարկ, որը կնպաստի բարեփոխումների գործընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելուն, մեզ համար չափազանց կարևոր է: Հավատացեք՝ մենք դրա կարիքն ունենք: Խնդրում եմ ակտիվ եղեք և ձեր դրական օրինակը տարածեք դպրոցում, ձեր համայնքում ու քաղաքում»,- ողջույնի խոսքում ասել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նա նաև հավելել է՝ հնարավորությունների սահմաններում արվում է ամեն ինչ, որպեսզի ոլորտի զարգացումները նպաստեն ուսուցչի գնահատմանը և մասնագիտության առաջընթացին, ինչի օրինակներից է կամավոր ատեստավորման փորձնարկվող ծրագիրը:

Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել նաև «Տարվա լավագույններ» մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներին՝ բոլոր հայտերը մանրակրկիտ ուսումնասիրելու, ստանձնած գործին պատասխանատվությամբ մոտենալու և անաչառության սկզբունքով լավագույններին ընտրելու համար: Գնահատող հանձնաժողովի կազմում, բացի նախարարության անդամներից, ընդգրկված են մասնագիտական կառույցների, մանկավարժական բուհերի, կրթական տարբեր կազմակերպությունների և աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է հաղթողներին, շնորհակալություն հայտնել ցուցաբերած ակտիվության համար և առանձնահատուկ շեշտել, որ այս տարի, բացի հանրակրթական ուսումնական հաստատություններից, մրցույթին ակտիվ մասնակցել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, որը ոգևորող է, քանի որ հենց այդ ոլորտում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ:

«Մենք պետք է նպաստենք, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնակցությունը տարեցտարի ավելի շատ լինի մրցույթում: Պետք է այս համակարգում խրախուսենք նորարարական ու լավ գաղափարները, և մեկնարկած բարեփոխումները նպաստելու են դրան: Նախարարությունը սկսել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացը, առաջիկայում կմեկնարկեն նաև ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների վերապատրաստումները: Նախատեսում ենք էլ ավելի բարելավել մրցույթի ընթացակարգերը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Այսպիսով՝ «Տարվա լավագույններ» մրցույթի 185 հայտերը ներկայացվել են հետևյալ անվանակարգերում՝

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 144 հայտ, հաղթող է ճանաչվել 14 ծրագիր:

«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 3 ծրագիր:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 8 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 4 հայտ: Այս անվանակարգում ոչ մի ծրագիր հաղթող չի ճանաչվել։

«Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 1 հայտ, հաղթող է ճանաչվել 1 ծրագիր:

«Տարվա լավագույններ» մրցույթի ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել շուրջ 11 մլն դրամ, որը բաշխվել է բոլոր հաղթողների միջև:

Հաղթող ճանաչված 22 ծրագրային առաջարկներից 11-ը եղել է անհատական, 11-ը՝ խմբային: Գնահատման համար սահմանված էր նվազագույն շեմ՝ հանրակրթական ուսհաստատությունների համար՝ սկսած 63%–ից, նախադպրոցական ուսհաստատությունների համար՝ 59 %-ից:

Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ինչպես նաև տարածել առաջավոր փորձը և նպաստել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացմանը: