ԳլխավորԼուր

Վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել Տավուշի հաղթական մարտերի հերոսներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի անդամները, ՀՀ կառավարության անդամները, պետական այրեր, գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Պարգևները հանձնել է Նիկոլ Փաշինյանը. ՀՀ ԶՈՒ 25 զինծառայողներ, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչման արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը անձամբ են ստացել շքանշանները վարչապետից, մնացած պարգևատրված զինծառայողներին շքանշանները կփոխանցվեն: Նրանք անձամբ չեն մասնակցել արարողությանը՝ զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված:

Մինչ պետական բարձր պարգևները ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին հանձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

Comment here