ԳլխավորԼուր

Նոր սոցցանց Threads. 7 ժամում 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել

threads

Twitter սոցցանցի մրցակից Threads-ում մեկնարկից հետո առաջին 7 ժամվա ընթացքում 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել։ Իսկ մեկնարկից հետո առաջին 4 ժամում հարթակում գրանցվել էր 5 միլիոն օգտատեր։ Այս մասին Threads-ի իր էջում հայտնել է Meta-ի ու նոր սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Նա ակնկալում է, որ ժամանակի ընթացքում Threads-ը կունենա ավելի քան 1 միլիարդ օգտատեր։

Threads-ն այժմ կարող են ներբեռնել շուրջ 100 երկրում, սակայն ոչ Եվրոպական Միությունում, ինչը պայմանավորված է կանոնակարգման հետ կապված մտահոգություններով։
Ըստ փորձագետների՝ Threads-ը կարող է գրավել Twitter-ի այն օգտատերերին, որոնք դժգոհ են Մասկի կատարած վերջին փոփոխություններից։

Հենց Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Առայժմ պարզ չէ, թե որքան լրջորեն են նրանք տրամադրված այս մենամարտի անցկացմանը։