Հանրահայտ ռեփեր Թիմաթին, որը հանդիսանում է Black Star պրոդյուսերական ընկերության հիմնադիրը, լքել է այն:
Թիմաթին այս մասին գրառում է տարածել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:
Նա գրել է, որ չի ցանկանում իր գրառումը վերածել «ծավալուն գրքի», պարզապես կասի, որ բազմաթիվ սեփական ծրագրեր ունի, և մի շարք հարցերի պատասխաններ հանրությունը կստանա՝ իր նոր ալբոմը լսելով, որը թողարկվելու է սեպտեմբերին:
Թիմաթիի խոսքով՝ երբ ետ է նայում, չի հավատում, որ Black Star-ը հիմնադրել է ինքնուրույն՝ առանց որևէ ներդրման: «Այդ ժամանակ անհրաժեշտ էր ոչ միայն ինքս ինձ, այլև հարազատներիս և միջավայրին ապացուցել, որ մենք ինչ-որ բան արժենք: Այսօր Black Star-ը վերածվել է «ընկերությունների մի խմբի»: Ըստ իս՝ մենք կորցրել ենք գրավչությունը և կենտրոնացել ենք վիճակագրության վրա, առանց որի իրականում ոչ մի խոշոր ընկերություն չի կարող ապրել: Մեր գործում ցանկանում ենք լինել «Գուգլ», «Ամազոն»: Իսկ ինձ հոգեհարազատ է Իլոն Մասկի կոնցեպտը: Եթե իհարկե հասկանում եք, թե ինչ մասին է խոսքը»,-ընդգծել է նա:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ իր առաքելությունը Black Star երաժշտական լեյբլում ավարտված է, բայց ռեփերը պահպանում է իր մասնաբաժինը և իրավունքները Black Star Burger, Black Star Karting, Black Star Car Wash նախագծերում:
Comment here
You must be logged in to post a comment.