ԳլխավորԼուր

Մոսկվայում «Թումո» կենտրոն է բացվել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 26-ին բացվել է թվով 3-րդ միջազգային «Թումո» կենտրոնը: Այս մասին տեղեկացնում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից։

«Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաև Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ «Թումոյի» ծրագրին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ մի շարք ժամանակակից ոլորտներում:

«Թումոյի» և Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետևյալ 8 ոլորտներում ՝ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Ապագայում կբացվի ևս 6 ուղղություն՝ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա և ստեղծագրություն:

«Հատկանշական է, որ Մոսկվայում մենք հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ` առցանց և կենտրոններում դասերի համադրություն, որը մենք վերջերս մշակեցինք` նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք, որ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաև Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա «Թումոյի» ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- իր խոսքում նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով իր խոսքում նշել է. «Այս տեխնոլոգիական կրթությունը շատ պահանջված է Մոսկվայում, մոդայիկ: Վստահ եմ այստեղ սովորելու ձգտումը մեծ է լինելու»:

Նոր «Թումո» կենտրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարևանությամբ: Այն ունի իր սեփական շենքը` անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներով` ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, երաժշտական ստուդիա և այլն: «Թումո Մոսկվա»-յում սովորելու է շուրջ 2000 ուսանող: Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար: Դասընթացները մեկնարկելու են արդեն այս տարվա հոկտեմբերին: Մանրամասների և գրանցման համար կարող եք անցնել հղումով` tumomoscow.ru:

Մինչև տարվա ավարտը պլանավորվում է ևս 2 միջազգային կենտրոնի բացում` Բեռլինում և Տիրանայում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Comment here