«Թումո»-ի արհեստական բանականության կրթական նախագիծն արժանացել է 2024-2025 թվականների WISE Prize for Education-ի առաջին մրցանակին:
1-3-րդ մրցանակային տեղերի հաղթողները հայտարարվել են Դոհայում անցկացվող WISE 12 գագաթնաժողովի շրջանակում:
«Թումո»-ն՝ որպես առաջին մրցանակակիր, կստանա 500 հազար դոլար, երկրորդ մրցանակակիր Iqrali.jo-ն՝ 300 հազար դոլար, երրորդ մրցանակակիր Darsel-ը՝ 200 հազար դոլար:
WISE մրցույթի շրջանակում ներկայացվել են բազմաթիվ կրթական լուծումներ ու նորարարություններ ամբողջ աշխարհից։ Մրցույթն այս տարի նվիրված էր համաշխարհային կրթական մարտահրավերների նորարար լուծումներին:
«Թումո»-ի ֆեյսբուքյան էջում նշված է, որ մրցանակաբաշխությանը ներկայացվել է 427 հայտ, 6-ն անցել են եզրափակիչ։
«Թումո»-ն հաղթող է ճանաչվել արհեստական բանականության ուսուցման նոր ծրագրի համար։
«AI-ի միջոցով AI սովորելու գաղափարի վրա հիմնված մեր AI colearner (դասընկեր) հարթակը և գեներատիվ AI նոր կրթական ոլորտն ստացան այս հեղինակավոր մրցանակը նորարարության, արդյունավետության և մասշտաբայնության համար»,-նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս առիթով շնորհավորել է կենտրոնին.
«Դոհայում անցկացվող WISE մրցանակաբաշխության արդյունքում «Թումո»-ն ստացավ առաջին մրցանակը՝ 500 հազար դոլարի չափով, ըստ էության ճանաչվելով իբրև կրթության ոլորտում ամենանորարար լուծում առկա մարտահրավերներին»,-գրել է նա։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



