ԳլխավորԼուր

2023 թ.-ին ուսումնարաններ ու քոլեջներ են ընդունվել 13 523 ուսանողներ

Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ, հայտնում են նախարարությունից:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կրթության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում բարեփոխումների և փոփոխությունների ակտիվ շրջան է:

«Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն իրականացվող և նախատեսվող փոփոխություններից բխող շատ անելիքներ ունի: Ամենակարևոր նպատակը, որին պետք է փորձենք հասնել, կրթության որակի բարձրացումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ մշակման փուլում է գտնվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվեն մի շարք փորձարկված և դրական արդյունքներ արձանագրած ծրագրեր:

Քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝ աշխատաշուկային ու ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրմանը, ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների բաշխվածությանը, դասավանդողների կարողությունների զարգացմանը և այլն:

«Եթե խոսում ենք կրթության որակի փոփոխության մասին, ապա առաջնահերթ այդ որակը կապահովվի տնտեսության կարիքներին համապատասխան մասնագետների թողարկմամբ: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնն (ՄԿՈՒԶԱԿ) այժմ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում մասնագիտությունների ցանկի վերանայման ուղղությամբ: Պետք Է պատրաստենք տնտեսության համար պահանջարկ ունեցող մասնագետներ. սա առաջնային խնդիր Է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսօր որոշ հաստատություններում դեռևս գործում են այնպիսի մասնագիտություններ, որոնք կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ աշխատաշուկայում պահանաջարկ չունեն:

Անդրադառնալով ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների բաշխվածության հարցին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կան ուսումնական հաստատություններ, որոնք բավականին ծանրաբեռնված են, բայց կան նաև թերբեռնված հաստատություններ, որը մտահոգիչ է:

«Այժմ իրականացնում ենք քարտեզագրում և փուլ առ փուլ անցնում տարբեր մարզերով, համայնքներով ու բնակավայրերով՝ հասկանալու տիրող իրավիճակը: Փոքր բնակավայրերում կան զուգահեռաբար գործող և նույն մասնագիտությամբ կրթություն իրականացնող մի քանի ուսումնական հաստատություններ, որոնք բոլորն էլ աշխատում են թերբեռնված խմբերով, որն արդյունավետ լուծում չէ»,- ասել է նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ մասնագիտությունների պահանջարկի վերլուծության հիման վրա կմշակվեն բարեփոխումների առաջարկներ:

Արաքսիա Սվաջյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետԱրաքսիա Սվաջյանի խոսքով՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն ապահովելու համար առաջնային խնդիրը ժամանակակից ենթակառուցվածքների և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումն է. «Որքան էլ խոսենք նոր ծրագրերի և դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման մասին, այնուամենայնիվ պայմաններն ու ուսումնառության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը շատ կարևոր են: Ներկայում ՄԿՈՒ ոլորտի մի քանի հաստատություններ արդեն իսկ կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման փուլում են, ու այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման խնդրին՝ ընդգծելով, որ այն կարևորվում է կրթական բոլոր մակարդակներում: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարվանից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն էր տրված նաև ՄԿՈՒ հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող ուսուցիչներին:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում կրթաթոշակի տրամադրման նոր կարգին, որն ուժի մեջ է մտել այս ուստարվանից: Նոր կարգով՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի նախատեսվում է հաստատել գերակա մասնագիտությունների ցանկ և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ: Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ կրթաթոշակը պետք է չդառնա միակ գրավչությունը դիմորդների համար՝ կոնկրետ մասնագիտություններ ընտրելու առումով:

Արմենուհի Պողոսյան
Արմենուհի Պողոսյան

ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն անդրադարձել է հաջորդ ուսումնական տարվա ընդունելության կարգին: Նրա խոսքով՝ գործընթացի կազմակերպման գլխավոր պահանջը լինելու է այն, որ անվճար տեղերի հատկացման համար ներկայացված հայտերը լինեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և լիարժեք հիմնավորված. «Հայտերը պետք է որոշակի վերլուծություն պարունակեն այն մասին, թե որո՞նք են տվյալ բնակավայրում պահանջարկ ունեցող մասնագիտությունները, արդյոք կա՞ն համապատասխան գործատուներ: Այս ամենը պետք է շատ հիմնավորված և փաստարկված ներկայացնել»:

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը ներկայացրել է 2023/2024 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները:

Ըստ այդմ՝ ուսումնական հաստատություններին նախնական արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի տրվել է 3270 անվճար տեղ, փաստացի ընդունվել է 2463 ուսանող: Վճարովի համակարգ է ընդունվել 643 ուսանող, ընդհանուր առմամբ՝ արհեստագործական կրթական ծրագրերով ընդունվել է 3106 ուսանող: Միջին մասնագիտական կրթական ծրագրով տրվել է 6041 անվճար տեղ, փաստացի ընդունվել է 5552 ուսանող: Կրթական այս ծրագրով վճարովի համակարգ է ընդունվել 5865 ուսանող: Ընդհանուր առմամբ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններ է ընդունվել 10417 ուսանող:

Կարեն Մանուկյան
Կարեն Մանուկյան

Խորհրդակցության ընթացքում քոլեջների և ուսումնարանների տնօրենները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են գերակա մասնագիտությունների ցանկին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը, հաստատությունների ենթակառուցվածքների և շենքային պայմանների բարելավմանը. ծավալվել է բովանդակային քննարկում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ հանդիպումները և վստահություն հայտնել, որ դրանք կկրեն պարբերական բնույթ: