Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով, իսկ նոյեմբերի 9-ին արդեն առաջին ատեստավորման գործընթացն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ունենք գրանցված ավելի քան 6,000 ուսուցիչ, արդեն ունենք 2021-2023 թթ-ի ատեստավորման արդյունքում շուրջ 4,000 ուսուցիչ, որոնք բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատավարձ են ստանում:
Սրա միջոցով մենք կարողացանք հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ատեստավորվել ու շարունակել իրենց աշխատանքը:
Ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն իրենց աշխատանքն են շարունակում, այլև բարձր վարձատրություն են ստանում: Այս պահին 260-ից ավելի ուսուցիչ ստանում է 400,000 դրամ ավելի վարձատրություն, բավականին մեծ թիվ են կազմում ուսուցիչները, որոնք ստանում են մինչև 300,000-400,000 դրամ աշխատավարձ:
Սա դեռ միայն կամավոր ատեստավորման արդյունքները հաշվի առնելով, եթե սրան գումարենք նաև հավելավճարի մյուս համակարգերը, ապա կարող ենք ասել, որ ուսուցիչների ավելի քան կեսը ստանում է 300,000 և ավելի վարձատրություն»,- հայտարարեց նախարարը: