ԳլխավորԼուր

Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար

ՆԳ նախարար Վահե Ղազարյան

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ՀՀ ներքին գործերի նախարար է նշանակվել։ Համապատասխան հրամանագիրը ՀՀ վարչապետի  առաջարկով ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության պետի պարտականությունները ստանձնել էր 2020 թվականի հունիսի 8–ից։ Մինչ այդ 2019–ի մայիսի 22-ից զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։

Ծնվել է 1974թ. հունիսի 15-ին Իջևան քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1995-96 թվականներին ծառայել է Զինված ուժերում:

2003-ից աշխատանքի է անցել իրավական համակարգում` ստանձնելով Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչի պաշտոնը։

Այնուհետև տարբեր տարիների եղել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Տեղեկացնենք, որ ԱԺ–ն ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը հաստատեց 2022-ի դեկտեմբերի 16-ին։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։

Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:

Նշենք նաև, որ ներքին գործերի նախարարությունը Հայաստանում գործել է 1990 -2002 թթ., ապա՝ լուծարվել։