ԵՊՀ-ում հյուրընկալվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի լաբորատորիաներին ու ենթակառուցվածքներին, այցելեցին «YSU-Krisp AI Lab»:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով համալսարանի հնարավորությունները, ընդգծեց, որ ԵՊՀ-ն Հայաստանի ամենահին և ամենամեծ համալսարանն է։
«Երևանի պետական համալսարանը պատմական կապեր ունի Վիետնամի հետ: Վիետնամից մոտ 100 ուսանողներ տարբեր մասնագիտությունների գծով ուսումնառել են ԵՊՀ-ում՝ սկսած Խորհրդային միության ժամանակաշրջանից: Մենք հուսով ենք, որ Վիետնամի ԱԺ նախագահի՝ Հայաստան, մասնավորապես ԵՊՀ կատարած այցը կվերականգնի մեր կապերը Վիետնամի հետ գիտակրթական, հետազոտական և այլ ուղղություններով»,- ասաց նա:
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանն ընդգծեց, որ ներկայում Հայաստանը և Վիետնամը կառուցում են բարեկամական ամուր կապեր՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու բարգավաճումը։
«Կրթության ոլորտում համագործակցություն հաստատելը ևս կարող է կամուրջ դառնալ երկու երկրների միջև՝ նպաստելով գործակցային և բարեկամական կապերի ամրապնդմանը, հարուստ փորձի փոխանակմանը և նոր հորիզոնների նախանշմանը»,- ասաց նա։
Հանդիպման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանին նվիրեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված հուշամեդալ, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատակիցների պատրաստած կտավը, իսկ Չան Թան Մանը ԵՊՀ ռեկտորին նվիրեց Վիետնամի առաջին համալսարանի ձեռակերտ պատկերը: