Օգոստոսի 15-ին Ռուսաստանում ու դրա սահմաններից դուրս կրկին հիշում են «Կինո» ռոք-խմբի լեգենդար մենակատար Վիկտոր Ցոյին՝ ԽՍՀՄ-ում «պերեստրոյկայի» դարաշրջանի յուրօրինակ խորհրդանիշին։ Այդ ժամանակ նրա երգերը երգում էր առանց չափազանցության ամբողջ երկիրը, և հատկապես հաճախ էր հնչում «Перемен» հիթը։ Շատերն առաջին անգամ երգը լսել են Սերգեյ Սոլովյովի «Ասսա» ֆիլմում, որի եզրափակիչ կադրում այն կատարել է ինքը՝ Ցոյը։ Ավտովթարից երգչի մահվանից 34 տարի անց Ցոյի երգերը և լսում են, և երգում։
Սոցիալական մարքեթինգի ինստիտուտի (ИНСОМАР) փորձագետները հատուկ հարցում են անցկացրել՝ նվիրված երաժշտի հիշատակի օրվան։ Պարզվել է, որ նրա անունը չգիտի ռուսաստանցիների միայն 1%-ը. ՌԴ քաղաքացիների զգալի մասը ՝ 60%-ը, նախկինի պես սիրում է Ցոյի երգերը։ Ավելին, երաժշտի մահից հետո ծնված սերնդի շրջանում երկրպագուների թիվն էլ քիչ չէ, քան ավագում։ Ցոյի երկրպագուներ իրենց անվանում են հարցմանը մասնակցածների 9%-ը։ Նրանք հիմնականում 45-59 տարեկան ռուսներ են, որոնց երիտասարդությունը համընկել է «Կինո» խմբի և նրա մենակատարի ժողովրդականության գագաթնակետի հետ։
Վիկտոր Ցոյի ամենասիրված երգերի հնգյակը մի քանի տարի շարունակ գլխավորում է «Группа крови» երգը, դրա օգտին քվեարկել է 30 տոկոսը: «Звезда по имени Солнце»-ի օգտին քվեարկել է 28%-ը, «Кукушка»-ին՝ 26%, երբեմնի ամենանշանվոր «Перемен»-ին՝ 19%-ը։ Թոփ հնգյակը եզրափակում է «Пачка сигарет»-ը՝ 10%։
Մինչ օրս Ցոյի մահվան հանգամանքները մնում են լիովին չպարզված. պաշտոնական վարկածի համաձայն ՝ 1990 թվականի օգոստոսի 15-ի վաղ առավոտյան Լատվիայի ճանապարհներից մեկում երաժիշտը գիշերային ձկնորսությունից վերադառնալիս քնել է «Մոսկվիչ-2141»-ի ղեկին, որը 130 կմ/ժամ արագությամբ բախվել է «Իկարուս»ավտոբուսին։
Անկախ տեխնիկական փորձագետ Յուրի Անտիպովը, սակայն, պնդում է, որ 5 մետրից էլ պակաս այդ առանց եզրերի ճանապարհին պարզապես անհնար է այդպիսի արագություն զարգացնելը։
Փորձագետը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, մահացու վթարը կազմակերպված էր:
Ըստ սոցիոլոգների՝ ոչ մի ժամանակակից երաժիշտ Ռուսաստանում նույնիսկ չի կարող համեմատվել Ցոյի հետ հասարակական տրամադրություն վրա իր ազդեցությամբ։ 2022 թվականին անցկացված համապատասխան հարցման արդյունքում առաջին տեղը վստահորեն զբաղեցրել է Վիկտոր Ցոյը հարցվածների 19% ձայնով։ Նրան մեծ միջակայքով հետևում են ուշ սովետական շրջանի այլ երաժիշտներ, բայց ժամանակակից եարժիշներից ոչ ոք չի հայտնվել թոփ-հորիզոնականներում։
Ցոյի հետմահու ժողովրդականությունը հաստատել է նաև Банк России-ն՝ թողարկելով նրան նվիրված 925-րդ հարգի արծաթից պատրաստված հատուկ մետաղադրամ։ Դրա անվանական արժեքը երեք ռուբլի է, իսկ տպաքանակը ՝ 5 հազար օրինակ։
Մոսկվան երգչի ողբերգական մահվան հերթական տարելիցը կնշի Չիստոպրուդնի բուլվարում օգոստոսի 15-17-ը։ Նախատեսվում է Ցոյի մասնակցությամբ տեսահոլովակների և ֆիլմերի հեռարձակումը մեծ էկրանին: Հնարավոր է՝ ցուցադրվի նաև 1989 թվականին նկարահանված «Игла» ֆիլմը, որի ռեժիսորն է Ռաշիդ Նուգմանովը։ Այս դրամայում գլխավոր դերի համար Ցոյը ճանաչվել է տարվա դերասան «Советский экран»-ի կողմից։
Մոսկվայի բուլվարում կկայանա Ցոյի սև-սպիտակ լուսանկարների և նրա կենդանության օրոք թողարկված «Կինո» խմբի ձայնասկավառակների ցուցահանդես-աճուրդը։
Ըստ Новые Известия-ի