«ՎՏԲ-Հայաստան» բանկը հայտարարություն է տարածել նշելով, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի Հայաստանի մասնաճյուղի հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։
«Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները»,– ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ բանկի հաճախորդները կարող են իրենց միջոցները կանխիկացնել Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից` ինչպես ՎՏԲ–ի, այնպես էլ այլ գործընկեր-բանկերի:
Իսկ արտերկրում գտնվող հաճախորդներին խորհուրդ է տրվում միջոցները կանխիկացնել կամ վճարումներ կատարել այլ բանկերի քարտերով:
Տեղեկացնենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելուց հետո փետրվարի 24–ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան մի քանի բանկերի նկատմամբ։