ԳլխավորԼուր

«Be Safe» հավելվածը սովորեցնում է պաշտպանվել երկրաշարժից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույններ 2022» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն 2022» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Be Safe» բջջային հավելվածը, որի հեղինակն Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի Լալա Խուրշուդյանն է։

«Be Safe» («Եղիր ապահով») հավելվածը հեռախոսային խաղ է երկրաշարժի վարքականոնների մասին՝ նախատեսված նախադպրոցական և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

Հեղինակի՝ Թալինի ավագ դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Լալա Խուրշուդյանի համոզմամբ՝ հավելվածը կօգնի երեխաներին ավելի շատ գիտելիքներ ունենալ և երկրաշարժի ժամանակ շրջանցել վտանգները՝ առանց խուճապի մատնվելու։ Սա նաև միջոց է՝ երեխաների շրջանում ձևավորել սեր և հետաքրքրություն բնական գիտությունների նկատմամբ։

«Կանայք և տեղեկատվական հասարակություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ նորարարական այս ծրագրի մշակմանը մասնակցել են Թալինի ավագ դպրոցի և Երևանի թիվ 192 դպրոցի մի խումբ աշակերտներ: Սարքի նախագծման ժամանակ հեղինակները համագործակցել են Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի հետ։

Աշխատանքները հաջողությամբ ավարտված են, և երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Թալինի ավագ դպրոցում տեղի են ունեցել VR նորարարական, շարժական լաբորատորիայի բացումը և «Be Safe» հավելվածի փորձարկումը։ Միջոցառմանը ներկա են եղել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, Կրթական բնագավառների բաժնի փորձագետներ Կ. Ավետիսյանը, Լ. Գրիգորյանը, Թալին համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։

VR ակնոցները բջջային հավելվածին միացնելով և ուսուցչուհի Լալա Խուրշուդյանի նախագծած հատուկ սարքի վրա կանգնելով՝ երկրաշարժի իմիտացիա է ստեղծվել՝ ցույց տալու, թե ինչ է զգացողություններ են առաջանում երկրաշարժի պահին։ «Be Safe» հավելվածն ազդանշանի միջոցով տեղեկացնում է, թե տվյալ պահին որտեղ է երկրաշարժը, և ինչ քայլեր պետք է իրականացնել։

Հավելվածը հանրակրթական դպրոցներում կարող է օգտագործվել բաց դասերի և թեմատիկ սեմինար-պարապմունքների ժամանակ։