ԳլխավորԼուր

Ֆուկուսիմայի երկրաշարժից 11 տարի անց. ԱԻ նախարարն ու Ճապոնիայի դեսպանն այցելել են Սպիտակ

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման Սպիտակ քաղաքում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման մարտի 11-ին այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ ծաղիկներ խոնարհելու 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ-ից։

9,0 մագնիտուդով երկրաշարժը Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին: Այն առաջացրել էր վիթխարի ցունամի, որի ալիքների բարձրությունը կազմել էր 10-15 մետր: Զոհված և անհետ կորած է համարվում ավելի քան 18 հազար մարդ:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին Ճապոնիայի կողքին լինելու համար: Դեսպան Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել նաև գնդապետ Գաբրիելյանին, ով նախաձեռնել էր խաչքարի կառուցումը: