ԳլխավորԼուր

16 հազար զոհ, 2500 անհետ կորած. Ֆուկուսիմայի աղետից 10 տարի է անցել

Ուղիղ 10 տարի առաջ Ճապոնիայի արեւելյան ափը ցնցվեց երկրի պատմության մեջ ամենահզոր՝ 9 բալանոց երկրաշարժից։ Հաշված րոպեներ անց առափնյա քաղաքները մնացին ցունամիի տակ, որոշ ժամանակ անց «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցավ աշխարհում ամենասարսափելի միջուկային աղետներից մեկը։

ԱԷԿ-ում ստանալով երկրաշարժի մասին ազդանշանը՝ ավտոմատ անջատվեցին միջուկային ռեակտորները, միացվեցին հովացման արտակարգ համակարգերը։ Սակայն վիթխարի՝ գրեթե 15 մետր բարձրությամբ ալիքը ճեղքեց պաշտպանական պատվարը, ծածկեց կայանն ու վնասեց հովացման համակարգերը, որի հետեւանքով ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի ունեցավ։

2-3 օրում ռադիացիոն գոտուց տարհանվեց ավելի քան 150 հազար մարդ։

10 տարի անց էլ աղետի գոտին ամայի է, մարդիկ վախենում են վերադառնալ նախկին բնակավայրերը նույնիսկ դրանց վերականգնումից հետո, իսկ աղետի հետեւանքների վերացումը դեռ երկար ժամանակ կպահանջի։

***

«Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանը Ճապոնիայի առափնյա Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Օկումա քաղաքում է՝ Տոկիոյից մոտ 220 կմ հեռավորության վրա։

2011-ի մարտի 11-ին՝ տեղի ժամանակով ժ. 14.46-ին (Երեւանի ժամանակով՝ 09.46) հզոր երկրաշարժը ցնցեց ԱԷԿ-ից 95 կմ հեռավորության վրա գտնվող Սանդայ քաղաքը։ Առափնյա շրջանների բնակիչները ցունամիի վտանգի նախազգուշումից հետո 10 րոպե ունեին փրկվելու համար։

«Ֆուկուսիմայի» վթարից ուղղակի զոհեր չկան։ 16 աշխատակիցներ վնասվածքներ են ստացել պայթյունի հետեւանքով, մի քանի տասնյակ մարդ ճառագայթվել է։ Վթարի օրը հոսպիտալացվել է ԱԷԿ-ի 3 աշխատակից։ Սակայն բնակչության տարհանման ժամանակ, մահացել է մոտ 50 ծանր հիվանդ։

«Ֆուկուսիմայի» վթարը  միջազգային սանդղակով դասվել է ամենավտանգավոր միջուկային աղետների շարքում։ Նույնպիսի վարկանիշ էր տրվել նաեւ Չեռնոբիլի վթարին։ Երկու աղետն էլ ճանաչվել են պատմության մեջ քաղաքացիական բնույթի ամենալուրջ միջուկային պատահարները։

2011-ի մարտի 11-ին երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի զոհ դարձավ գրեթե 16 հազար մարդ, 2500 մարդ անհետ կորած է համարվում, ավելի քան 6 հազար մարդ տարբեր աստիճանի վնասվածներ է ստացել։

Այսօր Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում հիշատակի արարողություններ են տեղի ունեցել։ Վարչապետ Յոսիխիդե Սուգան ծաղիկներ է խոնարհել Տոկիոյում գտնվող հուշահամալիրի մոտ։

Ըստ BBC-ի

Comment here