«Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող հատվածում հունիսի 21-ին տեղի է ունեցել Յոգայի 12-րդ միջազգային օրվան նվիրված գլխավոր միջոցառումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
Կարևորելով օրվա խորհուրդը՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ յոգան վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ֆիզիկական վարժությունների շրջանակներից և դարձել է մարդու ներքին ներդաշնակության, հոգևոր հավասարակշռության ու առողջ կենսակերպի համամարդկային խորհրդանիշ: Նրա դիտարկմամբ՝ յոգայի արժեքներն ու գաղափարները՝ ինքնակարգապահությունը, ներքին խաղաղությունը, պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ, արդիական են առավել քան երբևէ։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում յոգան վերջին տասնամյակներում լայն տարածում է գտել։ Այսօր այն հազարավոր մարդկանց առօրյայի մասն է՝ անկախ տարիքից և մասնագիտությունից։ Մեր երկրում գործում են յոգայի բազմաթիվ կենտրոններ, խմբեր և նախաձեռնություններ, անցկացվում են բաց դասեր, կրթական ու հանրային միջոցառումներ։ Յոգան նպաստում է ոչ միայն ֆիզիկական առողջության ամրապնդմանը, այլև հոգեկան բարեկեցությանը, սթրեսի հաղթահարմանը և կյանքի որակի բարձրացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա նաև ընդգծել է՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առանձնանում են փոխադարձ հարգանքի և մշակութային հարուստ երկխոսության ավանդույթներով, և Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումները ևս այդ համագործակցության գեղեցիկ դրսևորումներից են՝ նպաստելով ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և մշակութային արժեքների փոխանակմանը։
2014 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր՝ ընդգծելով դրա նշանակությունը մարդկության առողջության և բարեկեցության համար։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews












