ԳլխավորԼուր

Զարեհ Սինանյանը Միչիգանում այցելել է Ալեք և Մարի Մանուկյան դպրոց

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայտնում են հանձնակատարի գրասենյակից:

Առաջին անգամ գլխավոր հանձնակատարն այցելել է Միչիգան նահանգ և հանդիպումներ ունեցել հայ համայնքի կառույցների և ներկայացուցիչների հետ:

Թիվ այլ այցերի՝ Զարեհ Սինանյանն այցելել է Ալեք և Մարի Մանուկյան թանգարան, որը Հյուսիսային Ամերիկայի հայկական արվեստի և մշակույթի ամենամեծ թանգարանն է: Ութ պատկերասրահները ներկայացնում են Հայաստանի անցյալի և ներկայի եզակի պատկերները, նկարներ, սրբազան անոթներ և զգեստներ, գորգեր, կենցաղային և անձնական իրեր, վաղ տպագիր գրքեր, ձեռագրեր, գործվածքներ և հնագույն իրեր։

Հանձնակատարի հաջորդ այցը ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոց էր: Այն գտնվում է Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքում և առաջարկում է անվճար, բազմամշակութային կրթություն: Դպրոցում ուսանում են նախադպրոցական տարիքից մինչև 12-րդ դասարանի աշակերտներ՝ բոլոր դասարանների համար հայոց լեզվի ուժեղացված ծրագրով: ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի միջին և ավագ դպրոցի ծրագրերը «U.S. World & News Report»-ի կողմից դասվել են ԳՏՃՄ+արվեստ (STEAM) կրթական մոտեցմամբ  կենտրոնացած և քոլեջի նախապատրաստող դպրոցներ: Շրջայցի ընթացքում ավագ դպրոցի տնօրեն դոկտոր Հովսեփ Թորոսյանը ցույց է տվել STEAM ծրագրի համար դպրոցի վերջին ընդլայնումը, որը շուտով կունենա լիարժեք գործող ռոբոտաշինության արհեստանոց:

Զարեհ Սինանյանը հնարավորություն է նաև ունեցել  զրուցել հայերենի 12-րդ դասարանի աշակերտների հետ և նրանց ծանոթացրել մեր գրասենյակի աշխատանքին և Հայաստանում երիտասարդների հնարավորություններին։