ԳլխավորԿրթություն

Առարկայական չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը. Մայր Աթոռ

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։

Ստորև ներկայացվում են երկու փաստաթղթերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սույն թվականի հուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարությանը փոխանցեց Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: Սույն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգություններն արտահայտեց ընթացող գործընթացի առնչությամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, հրավիրված չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, և նույն ժամանակ հորդորեց` հիմնովին վերատեսության ենթարկել նախագիծը:

Ըստ էության՝ անտեսելով ինչպես Ենթախմբի, այնպես և հանրության տարբեր, այդ թվում և մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները` կրթության պետական լիազոր մարմինը, առկա էական տարաձայնությունները չփարատած, անհասկանալի շտապողականությամբ այս անգամ հրապարակել է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:

Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցությունները կրթության և գիտության հեղինակավոր մասնագետների ու փորձագետների հետ, գործընթացի վերաբերյալ արձանագրում է`

1. Հանրակրթության պետական չափորոշիչի խնդրահարույց նախագծի հիման վրա մշակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետության դպրոցներում ազգային ուսուցման և դաստիարակության ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ, սխալներ և պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերյալ արդեն իսկ բերվել են բազմաթիվ վկայակոչումներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչվել է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրի գերակշիռ հատվածը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում որդեգրվող պետական քաղաքականության շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարևորության ընդգծումը չի կարող բացասական ներգործություն չունենալ նաև սփյուռքահայության կյանքում: Հայրենիքում գործարկվող ազգային կրթության գաղափարաբանությամբ են սնվում և կենսագործվում Սփյուռքում իրականացվող հայապահպանական նախաձեռնություններն ու ծրագրերը:

3. Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցությամբ, առանց գործունեության թափանցիկության ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրության լայն շրջանակներում արդարացի մտահոգությունների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդյունավետությունից։

Ելակետ ունենալով վերը նշված արձանագրումները և հաշվի առնելով գործընթացի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները՝ կրթության պետական լիազոր մարմնին հորդորում ենք կասեցնել հրապարակված առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները և ձեռնամուխ լինել Հանրակրթության պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրության առավել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրավմամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանորեն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելույթներում դրանց մասին պետական կրթական լիազոր մարմնի կողմից տրված բացատրությունները:

Սույնով արձանագրում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծված լինելու ԿԳՄՍ նախարարության պնդումներն ու վստահեցումները։

Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից:

Վերջինիս հետևանքով խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված և նպատակային ձևով 2000-ամյա իր Ազգային Եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգևոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու և քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու և դաստիարակվելու հնարավորությունից։

Հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներկա ծավալի առավելագույն 30%-ը․ տարրալուծման հետևանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նյութը: 7-9 դասարանների թեմաները միացվել են «Հայոց պատմություն» առարկային՝ ընդհանրական խորագրերով և երբեմն տարակարծության տեղիք տվող ձևակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծավալից միայն մի քանի տոներ են ներմուծվել «Ես և իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով և սխալ անվանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարևոր տոների, դուրս են մնացել նաև դարերի ընթացքում մեր ազգային ինքնության, ոգու ու նկարագրի հետ սերտորեն աղերսված, պետական տոնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց և Սրբոց Վարդանանց տոները։

Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 15-ամյա դասավանդության ընթացքում դրական փորձառությունը և աշակերտների հոգեկերտվածքի վրա բարերար ներգործությունը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն», այնպես և այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:

Այսու, ենթախմբի սպասումն է կրթության պետական լիազոր մարմնից՝ հարգել նախորդիվ կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այս ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտահայտած դիրքորոշումները և վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

Comment here